Պարա աթլետները Իտալիայից վերադարձան 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած
1 տարի առաջ
Իտալիայի Ջեսոլո քաղաքում մայիսի 12-ից 14-ը անցկացված Աշխարհի Պարա աթլետիկայի 2023թ․ Գրան Պրի առաջնության մասնակցությունը։
57 մասնակից երկրների թվում էր նաև Հայաստանը իր 3 մարզիկներով և Հավաքական թիմի գլխավոր մարզիչով։ Պատվիրակության ղեկավարն էր ՀԱՊԿ փոխնախագահ Գևորգ Հովհաննիսյանը:
Պարա աթլետներ Սմբատ Կարապետյանը և Արման Սարգսյանը մասնակցեցին 100մ, 400մ և 800մ վազքատարածությունների մրցմանը։
Մրցումները նշված վազքատարածություններում իրականացվեցին ինչպես դասակարգմամբ այնպես էլ սերիաներով և խառը դասակարգման խմբերով։
Վերջնական արդյունքներով՝
Սմբատ Կարապետյանը
T54 դասակարգման խմբում 100մ և 400մ վազքատարածություններում գրավեց 2-րդ հորիզոնականը, իսկ 800մ-ում 3-րդ հորիզոնականը։
Սերիական մրցելույթի հաշվարկով 100մ և 400մ վազքատարածություններում կրկին զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը իսկ 800մ-ում 5-րդ հորիզոնականը։
800մ խառը խմբայինում 21 մարզիկների հաշվարկում զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը։
Արման Սարգսյանը
T53 դասակարգման խմբում 800մ վազքատարածությունում գրավեց 3-րդ հորիզոնականը, իսկ 100մ և 400մ վազքատարածություններում գրավեց 4-րդ հորիզոնականը։
Սերիական մրցելույթի հաշվարկով 100մ և 400մ վազքատարածություններում զբաղեցրեց 4-րդ և 5-րդ հորիզոնականները, իսկ 800մ-ում 7-րդ հորիզոնականը։
800մ խառը խմբայինում 21 մարզիկների հաշվարկում զբաղեցրեց 16-րդ հորիզոնականը։
Երկու մարզիկները գերազանց հանդես եկան և Հայաստանի պարա աթլետիկայի պատմության մեջ նախադեպը չունեցած արդյունքներ գրանցեցին։
Մեր երրորդ մարզիկ Սարգիս Մխիթարյանի դեբյուտն էր միջազգային արենայում։ Նա առաջնությունից առաջ անցավ մարզական դասակարգում և ստացավ գնդի հրում և սկավառակի նետում վարժությունում F57 դասիչը։
Սարգիսը գերազանց ելույթ ունեցավ բոլոր 6 մոտեցումներում և 16 մրցակիցների շարքում 9.59մ արդյունքով գրավեց 7-րդ հորիզոնականը։ Վնասվածքի պատճառով հնարավորություն չունեցավ առավելագույն արդյունքը ցուցադրելու, ինչպես նաև սկավառակի նետման մրցմանը մասնակցելու։
Մարզիկների գրանցած հաջողությունները մարզչական լավ աշխատանքի արդյունք են։ Հավաքականի գլխավոր մարզիչ Սուսաննա Մարտիրոսյանի, ավագ մարզիչ Հովհաննես Գևորգյանի, մարզիկների անձնական մարզիչներ Արման Փիրոյանի և Արա Գալստյանի համատեղ և նվիրված աշխատանքի շնորհիվ կարողացանք ունենալ այս աննախադեպ արդյունքները։
Թիմը իր առջև դրված առաջադրանքը ամբողջությամբ կատարեց։ Շարունակական և հետևողական աշխատանքի շնորհիվ թիմը մոտ ապագայում ի վիճակի կլինի հաղթահարելու նաև միջազգային բարձրագույն առաջնությունների համար սահմանած նորմատիվները:
Շնորհակալություն ենք հայտնում ՄՊԿ-ին, այս մասնակցության մասնակի ֆինանսավորման համար:
Շնորհակալություն ենք հայտնում նաև «Ավստրալիայի հայկական բժշկական միություն» կազմակերպությանը (Armenian Australian Medical Association) այս Հայկական թիմի մասնակցության համար 3000 ավստրալիական դոլար նվիրաբերելու համար: Հատուկ շնորհակալություն ենք ուզում հայտնել այս կառույցի նախագահ Արման Բաբաջանյանին (Arman Babajanyan), փոխնախագահ Ազիզ Իբոյանին (Aziz Iboyan), և իհարկե բժիշկ Սարգիս Նալբանդյանին (Sarkis Nalbandian), որոնց առատաձեռն նվիրատվության շնորհիվ հնարավոր եղավ այս մասնակցությունը:
Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ Բաղրամյան, Վաղարշապատի և Մասիսի համայնքների ղեկավարներին մարզիկներին ֆինանսական և բարոյական աջակցություն ցուցաբերելու համար։
Շնորհակալություն ենք հայտնում նաև ԱՐԻԴԵՍ ընկերությանը https://www.facebook.com/arides.am, որտեղ աշխատում են պարաաթլետներ Սմբատ Կարապետյանը և Արման Սարգսյանը, մարզիկներին պարբերաբար ֆինանսապես և բարոյապես աջակցելու, մարզումների համար հնարավորություն տալու համար: