ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեն հիմնադրվել է 1994 թվականին՝ նպատակ ունենալով զարգացնել պարալիմպիկ սպորտը Հայաստանում, խթանել ներառականությունը և ապահովել հաշմանդամություն ունեցող մարզիկների լիարժեք մասնակցությունը սպորտային կյանքին։
Հիմնադրումից ի վեր կոմիտեն հետևողականորեն ձևավորել է ազգային համակարգ, որը հնարավորություն է տվել հայ մարզիկներին ներգրավվել միջազգային պարասպորտային շարժման մեջ և հանդես գալ բարձր մակարդակի մրցումներում։ Հայաստանի ներկայացուցիչները տարիների ընթացքում մասնակցել են Պարալիմպիկ խաղերին՝ ներկայացնելով երկիրը մի շարք մարզաձևերում, այդ թվում՝ առագաստանավային սպորտում, պարա աթլետիկայում , պարա ծանրամարտում, պարա լողում, պարա լեռնադահուկային սպորտում։
Վերջին տարիներին հայկական պարասպորտը զգալի առաջընթաց է գրանցել։ Հատկապես աչքի են ընկնում աթլետները՝ գնդի հրում մարզաոճում, որտեղ արձանագրվել են մրցակցային բարձր արդյունքներ։ Զգալիորեն բարելավվել են նաև սայլակավազորդների և վազորդների ցուցանիշները։ Պարա ծանրամարտում Հայաստանը գրանցել է բարձր արդյունք՝ Պարալիմպիկ խաղերում զբաղեցնելով 4-13րդ հորիզոնականները, ինչը վկայում է մարզաձևի կայուն զարգացման մասին։
Առանձնահատուկ ուշադրության է արժանի երիտասարդ մարզիկների առաջընթացը։ Պարա ծանրամարտի նոր սերունդը արդեն դասվում է աշխարհի ուժեղագույնների շարքին․ ներկայումս Հայաստանի կազմում կան երեք մարզիկներ, որոնք սահմանում են աշխարհի և Եվրոպայի ռեկորդներ՝ բարձրացնելով երկրի հեղինակությունը միջազգային ասպարեզում։
Կոմիտեն շարունակում է ակտիվորեն զարգացնել նաև նոր և հեռանկարային մարզաձևեր։ Զարգացման փուլում են անվասայլակով բասկետբոլը, կանոեն,պարա սեղանի թենիսը և պարա թաեքվոնդոն։ Հայաստանը նաև հանդիսանում է տարածաշրջանում եզակի՝ ունենալով սլեդջ հոկեյի թիմ։ Զուգահեռաբար զարգացվում են անվասայլակով քյորլինգը և բոչիան՝ ընդլայնելով պարասպորտի հնարավորությունները երկրում։
Այսօր Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեն հանդիսանում է ներառական սպորտի զարգացման առաջատար ուժը Հայաստանում՝ նպաստելով ոչ միայն մարզական արդյունքների աճին, այլև հասարակության մեջ հավասար հնարավորությունների և արժանապատիվ մասնակցության մշակույթի ձևավորմանը
